ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հայուհիների մշակութային, քաղաքական և առողջապահական ճաշակը

Հայուհիների մշակութային, քաղաքական  և առողջապահական ճաշակը
11.03.2014 | 12:21

Մարտի 8-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հայուհիներին գեղեցիկ տոն մատուցեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Կանանց շնորհավորելու և մեծարելու, ինչպես իրենք էին ասում, «երկրպագելու» պատիվը վերապահված էր բացառապես տղամարդկանց: Բեմում հայ երգարվեստի և պարարվեստի մերօրյա հանրահայտ դեմքերն էին` Միքայել Պողոսյան, Արամո, Արամ MP3, Սամվել Գրիգորյան, Արսեն Գրիգորյան, Գագիկ Գինոսյան, Արման Նշանյան, Հայկո, Մհեր, այլք:
Երեկոյի ընթացքում մեծ էկրանից հայուհիների տոնի առթիվ ողջունում և բարեմաղթում էին հայ արվեստի նշանավոր դեմքերը` համեմելով իրենց խոսքը իմաստուն, զվարթ նրբերանգներով:
Արա Երնջակյանը, օրինակ, իր խոսքը կառուցել էր Ժորժ Սանդի աշխարհայացքի համատեքստում. Աստված կնոջն այդքան կատարյալ է ստեղծել, որովհետև նախորդիվ ունեցել է Ադամին ստեղծելու փորձը:
Ռաֆայել Քոթանջյանը, առանց վիրավորելու միտումի, զուգահեռ անցկացրեց կանանց և կատուների միջև:
Երեկոյի հանդիսավարները` Հրանտ Թոխատյանը, Նարեկ Դուրյանը, Աշոտ Ղազարյանը, Գրիգոր Աղախանյանը, Արմեն Ամիրյանը և նրանց համեմատաբար երիտասարդ գործընկերները ևս, ռոմանտիկան ու հումորը միախառնած, խոստովանություններ, պատգամներ, բարի մաղթանքներ էին շռայլում գեղեցիկ կանանց դիմանկարներով զարդարուն բեմից: Ի դեպ, առանց տուրք տալու ազգային սնապարծությանը, ասեմ, որ բազմաոճ կանանց դիմանկարների շարքում առանձնապես առինքնող էին հայկական տարազով հովնաթանյանական հայուհին և էկրանից դահլիճին նայող Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ»:
Նարեկ Դուրյանի կատակը, թերևս, ուսուցողական կլինի ապագայում հայ տղամարդկանց համար: Երբ նա ծաղկավաճառին խնդրել է մի մեծ` հիսունհինգ-վաթսունհինգ վարդից կազմված փունջ պատրաստել` կնոջը նվիրելու համար, ծաղկավաճառը ահով ու կարեկցանքով հարցրել է. «Էդ ի՞նչ ես արել, տղա՛ ջան»:
Կանանց խստապահանջ չափանիշներին հարիր պահվածք և վերաբերմունք ունենալու ձգտումը զգալի էր ողջ երեկոյի ընթացքում, սակայն ամենահուզիչ նվերը մատուցեցին պաշտպանության նախարարության երգչախումբը և նրա մենակատար Արմեն Մարտիրոսյանը` «Պատիվ ունեմ» երգով:
Սա երեկոյի եզակի պահն էր, երբ կանայք էին ոտքի կանգնած ծափահարում, ծաղիկներ նվիրում ու իրենց խոնարհումը հավաստում հայ զինվորականներին: Իսկապես, յուրօրինակ է հայուհու ճակատագիրը:
Երեկոյի վերջնամասն ամենազվարճալին էր` ինքնատիպ անակնկալով: Կանայք հնարավորություն էին ստացել դրսևորելու իրենց մշակութային, քաղաքական և անգամ առողջապահական ճաշակը: Դահլիճ մտնելուց առաջ, գեղեցիկ հովհարներ նվիրելուն զուգընթաց, կազմակերպիչները հարցում էին անցկացրել հրավիրյալների շրջանում և հետաքրքրվել, թե ումի՞ց կցանկանային լսել շնորհավորանքներ և բարեմաղթանքներ Մարտի 8-ի առթիվ:
Կանանց նշած այրերի շարքում էին Լևոն Մալխասյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Արթուր ՈՒթմազյանը, Էդվարդ Թոփչյանը, Պարույր Հայրիկյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, Գեորգի Պողոսյանը:
Եվ ոչ անսպասելի` կանանց ընտրյալների ցուցակում էր հայտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան զանգահարելու Հրանտ Թոխատյանի փորձերը դարձան երեկոյի ամենահիշարժան րոպեները:
Նախագահը ջերմորեն շնորհավորեց հայուհիների տոնը և, իհարկե, ժլատ չգտնվեց բարի մաղթանքների հարցում:
Իսկ տղամարդկանց ընտրելու ամբողջ այդ նախաձեռնության նպատակը մեկն էր. նրանք պատահականության սկզբունքով պետք է ընտրեին օպերայի և բալետի թատրոնի ընդարձակ դահլիճի բազկաթոռներից մեկը, որն զբաղեցնող կինը կստանար առանձնահատուկ նվեր:
ՀՀ նախագահը, ինչպես և կարելի էր սպասել երկրի առաջին դեմքից, ընտրեց պարտերի 1-ին կարգի 1-ին բազկաթոռը:
Ընտրյալ կանայք հենց բեմում ստացան իրենց նվերները:
Տոնը կայացավ: Իսկ հրաժեշտից առաջ բոլորին նվիրեցին վարդեր, որոնք դեռ էլի մի քանի օր կհիշեցնեն վայելած ուրախության մասին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ